ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իսկ մնացյալը թող լռությունը չլինի

Իսկ մնացյալը թող լռությունը չլինի
15.07.2008 | 00:00

ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ. 700 ԿՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՎ
Յուրաքանչյուր երկու տարին մեկ Ֆրանսիայի Պա դը Կալե նահանգի մանկատների տնօրեններ Դոմինիկ դը Մորին և Ֆրանսիս Լամբարտը կազմակերպում են բազմօրյա հեծանվավազք, որին մասնակցում են Ֆրանսիայի, Վանաձորի մանկատների և ՀՀ կրթության ու գիտության նախարարության հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի 34 երեխաներ։ Հերթական, թվով 6-րդի մեկնարկը տրվեց անցած կիրակի։ Երեխաները կհաղթահարեն 700 կմ տարածություն, կանցնեն հանրապետության տասը բնակավայրերով, կլինեն Ծաղկաձորում, Շորժայում, Իջևանում, Բերդում, Սևքարում, Ախթալայում, Օձունում, Վանաձորում, Ապարանում և հուլիսի 24-ին վերջնագիծը կհատեն Երևանում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ։
Այս յուրօրինակ հեծանվավազքի առաջին մեկնարկը տրվեց 1998 թվականին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ որոշվեց այն դարձնել ավանդական։
-Ամեն անգամ գալով Հայաստան՝ մենք նոր ուղերթեր ենք կազմում և այս ընթացքում հասցրինք տեսնել ամբողջ Հայաստանը,- մեկնարկից առաջ կայացած զրույցի ժամանակ ասաց Դոմինիկ դը Մորին։- Այս մեկնարկն էլ, նախորդների նման, ոչ շատ դժվար կլինի և ոչ էլ հեշտ։ Հասկանալի է, հեծանվավազքը հենց նրա համար է, որ երեխաները սովորեն հաղթահարել դժվարությունները։ Մեր նպատակը բնավ էլ մրցակցությունը չէ։ Սա երկու երկրների ապագա կերտողների համերաշխության, բարեկամության հաստատման յուրօրինակ տոն է։ Երեխաները շփվում են իրար հետ, մտերմանում։ Մեզ հատկապես շատ է դուր գալիս հայկական բնաշխարհը՝ լեռների ու հարթավայրերի ներդաշնակ համադրությունը, անտառները և, իհարկե, Սևանա լիճը։
Ֆրանսիս Լամբարտն իր հերթին կարևորեց երկու երկրների քաղաքակրթությունների կապը, որը գալիս է դարերի խորքից։
Հեծանվավազքի ծրագիրը բազմազան է։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ վազքի մասնակիցները հանդիպումներ կունենան իրենց հասակակիցների հետ, կծանոթանան հանրապետության պատմամշակութային կենտրոններին, որոնք այս ուղերթում շատ-շատ են։ Ի դեպ, հեծանվավազքը մեր երեխաների համար էլ լավագույն միջոց է` ծանոթանալու հայրենի բնաշխարհին և տեսարժան վայրերին, ինչն այլ պարագայում չեն կարող իրականացնել: Անցած տասը տարվա ընթացքում կայացած հինգ մեկնարկներին մասնակցել է 300-ից ավելի պատանի և աղջիկ։ Այս ընթացքում ֆրանսիացի բարերարները Հայաստան են բերել մեծ թվով հեծանիվներ և պահեստամասեր, որոնք արշավից հետո թողել են Հայաստանում։
Իմ այն հարցին, թե ով է հովանավորում այս հրաշալի ծրագիրը, Դոմինիկ դը Մորիան պատասխանեց.
-Հովանավոր, իբրև այդպիսին, չունենք։ Պարզապես դիմում ենք բոլոր նրանց, ում ճանաչում ենք. լինի էլեկտրիկ, հացթուխ, գործարար կամ մտավորական, և բոլորն էլ սիրով աջակցում են։ Այսպես կաթիլ առ կաթիլ հավաքված միջոցներով էլ իրականացնում ենք մեր մտահղացումը...
Պատմում էր նա, իսկ ես հիշեցի իմ լավ բարեկամ, վաղամեռիկ Սողոմոն Քեփեկյանին։ 1970-ական թվականների Խորհրդային Միության առաջնությունների, գավաթների խաղարկությունների և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթողն ու մրցանակակիրը, որը բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, Հայաստանում անկախության հռչակումից հետո ստեղծեց «Ֆրանսիա-Հայաստան վելոսպրինտ» ասոցիացիան, որը 90-ականների ծանր տարիներին նոր շունչ հաղորդեց կաթվածահար եղած մարզաձևին, կազմակերպեց հրապարակային հեծանվավազքի մրցումներ, այդ թվում՝ Քեփեկյան եղբայրների գավաթի խաղարկությունները, որոնց մարզիկները սպասում էին անհամբերութամբ։ Սողոմոնը մեծապես օգնեց մեր հեծանվորդներին` հաղթահարելու անցումային շրջանի դժվարությունները։ Այսօր նա այլևս մեզ հետ չէ, իսկ նրա կատարած հայրենանվեր գործը շատ շուտ մոռացվեց։ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան, գոնե ի նշան երախտագիտության, մի վերջին անգամ չանցկացրեց Քեփեկյան եղբայրների գավաթի խաղարկությունը, որպեսզի դրանով իսկ արժևորի նրա ավելի քան տասնամա գործունեությունը...
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7043

Մեկնաբանություններ